<<Հայը եւ հայը>> Վիլյամ Սարոյան

Կարդա’, պատրաստվի’ր Վիլյամ Սարոյանի <<Հայը եւ հայը>> պատմվածքի քննարկմանը։

Առաջադրանքներ`

1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր, ո°րն էր հեղինակի ասելիքը։

Պատմվածքը հայերի մասին էր, նրանց ուժի, միասնության և իրենց ինքնությունը պահպանելու մասին։ Ես հասկացա որ նույնիսկ եթե հայը հեռու է իր հայրենիքից, նա կարող է պահպանել իր լեզուն, մշակույթը և իր հայ լինելը։ Հեղինակի հիմնական ասելիքն այն էր որ հայ ժողովրդին հնարավոր չէ ոչնչացնել, քանի որ հայը միշտ կարողանում է նորից ոտքի կանգնել։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։

Ինձ համար ամենատպավորիչ հատվածը այն էր, որտեղ ասվում է որ նույնիսկ եթե հայերին իրենց տներից քշեն, ամեն ինչ խլեն և Հայաստանը կործանեն, տարիներ անց երկու հայ կարող են հանդիպել ու ծիծաղել իրենց մայրենի լեզվով։ Այս հատվածը ինձ տպավորեց, որովհետև ցույց է տալիս որ հայի ուժը միայն իր հայրենիքի մեջ չէ, այլ նաև իր լեզվի, հիշողության և ինքնության մեջ։

3. Գրի’ր, թե հայի ո’ր հատկանիշներն են խտացված նշված հատվածում։Կարծիքդ հիմնավորի’ր։

<<Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:

Այս հատվածում երևում է որ հայը ուժեղ է, չի հանձնվում և չի մոռանում իր արմատները։ «Նրանք դարձյալ պիտի չապրե՞ն» մասը ցույց է տալիս որ ինչքան էլ դժվարություններ լինեն, հայը նորից կարողանում է ոտքի կանգնել։ Իսկ «ծիծաղեն իրենց մայրենի լեզվով» մասը ցույց է տալիս որ հայը չի մոռանում իր լեզուն և իր հայ լինելը։

4.Ի°նչ ես կարծում, ո°ր հատկանիշներն են, որ հային հայ են պահում` անկախ գտնվելու վայրից։

Իմ կարծիքով հային հայ են պահում իր լեզուն, մշակույթը, ավանդույթները, պատմությունը և իր ժողովրդի նկատմամբ սերը։ Կարևոր է նաև, որ մարդը չմոռանա իր արմատները և պահպանի կապը մյուս հայերի հետ։ Դրա համար հայը կարող է ապրել աշխարհի ցանկացած երկրում, բայց միևնույն է մնալ հայ։

5. Պատմվածքի գաղափարն որքանո°վ է արդիական այսօր։

Պատմվածքի գաղափարը այսօր էլ շատ արդիական է։ Այսօր շատ հայեր ապրում են Հայաստանից դուրս, բայց շարունակում են խոսել հայերեն, պահպանել հայկական ավանդույթները և իրենց երեխաներին սովորեցնել իրենց պատմությունը։ Սա ցույց է տալիս, որ ժամանակի և հեռավորության պատճառով հայի ինքնությունը չի կորչում։

Հայոց լեզու, գրականություն. սեպտեմբերյան հաշվետվություն

Ընկեր ընտրելիս կարևորում եմ․․․

«Նռնեիները» Վիլյամ Սարոյան

Գլխավոր և երկրորդական անդամները

Սպիտակ ձին

Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասություններ, գլխավոր անդամները, և ստորոգյալի տեսակը

Բարդ նախադասության վարժություններ

Հրանտ Մաթևոսյան․ «Կանաչ դաշտը»

Գրավոր շարադրման հարցեր Հրանտ Մաթևոսյան.

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք 8-12

Երաժշտությունը և նրա ազդեցությունը մարդու տրամադրության վրա

Գործնական աշխատանք 13-17

Ավետիք Իսահակյան. «Պատրանք»

Ավետիք Իսահակյան. «Պատրանք»

Կարդա’, գրի’ր գործերի ասելիքը։

«Պատրանք» ստեղծագործության ասելիքն այն է որ երբեմն պատրանքը, երազը կամ գեղեցիկ հավատը մարդուն օգնում են հաղթահարել դժվարությունները և չկորցնել հույսը։ Նույնիսկ եթե իրականությունը դաժան է, մարդու երազներն ու պատրանքները կարող են նրա կյանքը ավելի ջերմ ու գեղեցիկ դարձնել։

Ստեղծագործի’ր`

Երանի՜ նրան, ով պատրանք ունի…

որովհետև պատրանքը երբեմն օգնում է մարդուն դժվար պահերին իրեն ավելի լավ զգալ և չկորցնել հույսը։ Այն կարող է նույնիսկ սովորական ու դժվար կյանքը մի փոքր ավելի գեղեցիկ դարձնել։

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել…

որովհետև երբեմն գեղեցիկ սուտը ավելի լավ է, քան դաժան իրականությունը։ Այդպիսի սուտը կարող է մարդուն ուրախացնել և մի պահ մոռացնել իր խնդիրների մասին։

Երանի՜ նրան, ով երազ ունի…

որովհետև երազը մարդուն հույս է տալիս և օգնում է հավատալ, որ ամեն ինչ կարող է ավելի լավ լինել։ Երբ մարդը երազանք ունի, նա ավելի շատ է փորձում հասնել իր նպատակներին։

Գրավոր շարադրման հարցեր Հրանտ Մաթևոսյան. «Կանաչ դաշտը»

2-րդ հատված

1. Ի՞նչ է խորհրդանշում «կանաչ դաշտը»։
«Կանաչ դաշտը» խորհրդանշում է կյանքը, բնությունը և կյանքի շարունակությունը։ Չնայած այն ամենին ինչ տեղի ունեցավ, վերջում դաշտը նորից կանաչեց։

2. Պատմվածքում ինչպե՞ս են հակադրվում կանաչը և սևը։
Կանաչը ներկայացնում է կյանքը, խաղաղությունն ու նոր սկիզբը, իսկ սևը մահը, ցավը և կռվի հետևանքները։

3. Ի՞նչ նշանակություն ունի այն, որ ձիու կռվից հետո սևացած հողը երեք տարի խոտ չի տալիս, իսկ հետո «կանաչը հաղթում է»։
Դա ցույց է տալիս, որ ցավից հետո էլ կյանքը շարունակվում է։ Երեք տարի անց նորից խոտ ու ծաղիկներ են աճում, այսինքն կյանքը վերջում հաղթում է։

4. Ինչո՞ւ է պատմվածքի վերջում արդեն մեծացած քուռակը դարձյալ կապված նույն կանաչ դաշտում։
Քուռակը մեծացել էր, բայց նորից նույն դաշտում էր որտեղ կորցրել էր մորը։ Նա շարունակում էր ապրել իր մոր հիշողության մեջ։

5. Ի՞նչ իմաստ ունի քուռակի ոտքի հին սպին։
Սպին հիշեցնում է այն օրվա մասին, երբ գայլը հարձակվեց նրա վրա։ Այն ցույց է տալիս, որ անցած դեպքերը կարող են հետք թողնել մարդու կամ կենդանու վրա։

6. Ինչո՞ւ է պատմվածքի վերջում կրկին հիշատակվում կայծակը և քուռակի առաջին վախը։
Հեղինակը նորից հիշեցնում է պատմության սկիզբը, որպեսզի ցույց տա թե որտեղից սկսվեց այդ ամբողջ դեպքը։ Քուռակի առաջին վախը կապված էր նաև մոր մոտ վերադառնալու հետ։

7. «Կանաչը հաղթեց» արտահայտությունն ի՞նչ գաղափար է փոխանցում։
Այն ցույց է տալիս որ կյանքը և բնությունը վերջում հաղթում են մահին ու ցավին։

8. Կարո՞ղ ենք ասել, որ պատմվածքը միայն ձիու և գայլի մասին չէ։ Հիմնավորե՛ք։
Այո, որովհետև պատմվածքը նաև մայրական սիրո, զոհաբերության, կյանքի և մահվան մասին է։ Ձիու ու գայլի կռիվը պարզապես ցույց է տալիս, թե ինչի կարող են պատրաստ լինել ծնողները իրենց ձագերի համար։

9. Ո՞վ էր իրականում հաղթողը՝ գա՞յլը, ձի՞ն, թե՞ կյանքը։
Իմ կարծիքով իրականում հաղթողը կյանքն էր, որովհետև ձիու մահից հետո էլ քուռակը ապրեց և մեծացավ, իսկ դաշտը նորից կանաչեց։

10. Եթե մայր ձին գիտեր, որ կարող է զոհվել, ինչո՞ւ շարունակեց պայքարել։
Նա շարունակեց պայքարել, որովհետև ամենակարևորը իր քուռակին փրկելն էր։ Մայրական սերը նրա համար ավելի կարևոր էր, քան իր կյանքը։

11. Գայլը նույնպես պայքարում էր իր ձագերի համար։ Այս դեպքում ո՞րն է տարբերությունը նրա և մայր ձիու պայքարի միջև։
Երկուսն էլ պայքարում էին իրենց ձագերի համար, բայց գայլը ուզում էր քուռակին բռնել, որպեսզի իր ձագերին կերակրի, իսկ ձին պայքարում էր որպեսզի իր քուռակին փրկի։

12. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքի վերջում ասում, որ գուցե քուռակը հիշում է իր կարմիր մայրիկին։
Հեղինակը ուզում է ցույց տալ, որ քուռակը կարող էր չմոռանալ իր մորը, քանի որ մայրական սերը և հիշողությունը շատ ուժեղ են։

13. Եթե դուք լինեիք փոքրիկ հովվի փոխարեն, ի՞նչ կանեիք։
Ես նույնպես կկանչեի շներին և մյուս հովիվներին, որպեսզի օգնեն ձիուն ու քուռակին։ Կփորձեի հնարավորինս արագ օգնության հասնել։

14. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքի վերջում կրկին սկսում պատմությունը՝ «Կայծակը չոր ճայթյունով…»։
Հեղինակը կրկին սկսում է պատմությունը, որպեսզի ցույց տա որ այդ դեպքը հիշողության մեջ շարունակվում է։ Նա կարծես նորից վերադառնում է պատմության սկզբին։

15. Ի՞նչ զգացողություն է առաջացնում այդ շրջանաձև կառուցվածքը։
Այն ինձ մոտ առաջացնում է տխուր և մի քիչ ծանր զգացողություն։ Կարծես պատմությունը ավարտվելուց հետո էլ ամբողջությամբ չի ավարտվում և շարունակում է կրկնվել հիշողության մեջ։

16. «Մայր ձին թող չմեռնի» — ինչո՞ւ է պատմվածքի վերջում երեխայի ցանկությունը անհնար իրականացնել։
Որովհետև մայր ձին արդեն մահացել էր և պատմողը չէր կարող փոխել իրականությունը։ Երեխայի ցանկությունը ցույց է տալիս, թե որքան էր նա ցավում այդ դեպքի համար։

17. Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը սիրո, զոհաբերության և ապրելու մասին։
Պատմվածքը սովորեցնում է, որ իսկական սերը կարող է ստիպել մարդուն կամ կենդանուն նույնիսկ իր կյանքը զոհել ուրիշի համար։ Այն նաև ցույց է տալիս որ նույնիսկ մեծ ցավից հետո կյանքը շարունակվում է և նորից կարող է կանաչել։

 Հրանտ Մաթևոսյան․ «Կանաչ դաշտը»

Առաջադրանք՝

Պատմվածքի վերաբերյալ հիմնավորված կարծիք գրե՛ք, ո՞րն էր ասելիքը։

Իմ կարծիքով պատմվածքի հիմնական ասելիքն այն է, որ մայրական սերը շատ ուժեղ է և մայրը պատրաստ է ամեն ինչ անել իր երեխային պաշտպանելու համար։ Մայր ձին մինչև վերջ պայքարեց գայլի դեմ և իր կյանքը զոհեց քուռակին փրկելու համար։ Պատմվածքը նաև ցույց է տալիս որ կյանքում լինում են ցավոտ դեպքեր, բայց կյանքը շարունակվում է։ Ինձ համար պատմվածքի ամենատխուր մասը մայր ձիու մահն էր, բայց նրա սերը և զոհաբերությունը միշտ մնացին քուռակի կյանքի մեջ։ Ես նաև հասկացա որ երբ սիրում ես ինչ-որ մեկին նրա համար կարող ես շատ բաների դիմանալ։ Քուռակը մեծացավ, բայց հնարավոր է միշտ հիշեց իր մորը։ Պատմվածքի վերջում կանաչ դաշտը ինձ համար նոր կյանքի և շարունակության նշան էր։

Նախադասություններ, գլխավոր անդամները, և ստորոգյալի տեսակը

Քեզ ծանոթ պատմվածքներից դուրս գրի՛ր նախադասություններ, ընդգծի՛ր գլխավոր անդամները, նշի՛ր ստորոգյալի տեսակը։

  1. Հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։

Ենթակա- Հորեղբայրս, Ստորոգյալի տեսակը- պարզ:

  1. Հողը չոր էր։

Ենթակա- Հողը, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Ծառերը ծարավ էին մնում։

Ենթակա- Ծառերը, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Սարգիսը աշխատեց կոշիկի գործարանում։

Ենթակա- Սարգիսը, Ստորոգյալի տեսակը- պարզ:

  1. Նա մենակ էր։

Ենթակա- Նա, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Սարգիսը ամբողջ ամառն այդ գործն արեց, ձմեռնամուտին հող փխրեցրեց, գարնանը այգու վազերն էտեց, իսկ կիրակի օրերը քաղաք գնաց։

Ենթակա- Սարգիսը, Ստորոգյալի տեսակը- պարզ:

Սպիտակ ձին

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Սհաթ – ժամ։

Բայղուշ – չարագուշակ, վատ բան գուշակող։

Նժույգ – գեղեցիկ և արագավազ ձի։

Վրնջալ – ձիու ձայն հանել։

Կավալեր – ձիավոր, հեծյալ։

  1. Ներկայացրու Շարմաղ բիբիի կերպարը՝ հատվածներով հաստատելով ասելիքդ։

Շարմաղ բիբին բարի, զգացմունքային և հավատով ապրող ծեր կին էր։ Նա ամեն երեկո բացում էր դուռը, երբ եկեղեցու զանգերն էին հնչում, որովհետև հավատում էր, որ դրանց հետ օրհնություն է մտնում իրենց տուն։ Ցոլակի կորուստից հետո նա շատ է տխրում և այլևս դուռը չի բացում զանգերի ժամանակ։

  1. Գրավոր ներկայացրու կենդանի-մարդ հարաբերությունը։

Պատմվածքում մարդու և կենդանու միջև շատ ուժեղ կապ կա։ Սիմոնի համար Ցոլակը միայն աշխատող ձի չէր, այլ ընտանիքի անդամի նման էր։ Ցոլակն էլ ճանաչում էր Սիմոնի ձայնը և ուրախանում էր նրա գալուց։

  1. Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։

Ես համաձայն չեմ Սիմոնի արարքի հետ, որովհետև նա շատ ցավոտ ձևով վնասեց Ցոլակին։ Բայց ես հասկանում եմ նրան, որովհետև նա ուզում էր փրկել իր ընտանիքի համար շատ կարևոր ձիուն։

  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Սպիտակ ձին»։ Ինքդ նոր վերնագիր առաջարկի՛ր։

Կարծում եմ՝ ստեղծագործությունը կոչվում է «Սպիտակ ձին», որովհետև Կոստանդ աղայի սպիտակ ձին կարևոր դեր ունի պատմվածքում։ Նրա ձին չեն վերցնում, իսկ աղքատ գյուղացիների ձիերին տանում են, և դրանով երևում է անարդարությունը։ Ես նոր վերնագիր կառաջարկեի՝ «Ցոլակի կորուստը»։

  1. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Ստեղծագործության գլխավոր ասելիքն այն է, որ պատերազմի և անարդարության ժամանակ ամենաշատը տուժում են հասարակ մարդիկ։ Պատմվածքը նաև ցույց է տալիս, թե որքան ուժեղ կարող է լինել մարդու և կենդանու կապը։

«Նռնեիները» Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ`

  1. Գրի՛ր ասելիքը՝ արտահայտելով սեփական վերաբերմունք։

Իմ կարծիքով ստեղծագործության հիմնական ասելիքն այն է, որ մարդը պետք է հավատա իր երազանքներին և սիրի իր արած գործը, նույնիսկ եթե այն դժվար է։ Հորեղբայրը ուզում էր անապատը դարձնել գեղեցիկ այգի և շատ էր սիրում իր տնկած նռնենիները։ Չնայած նրա երազանքը վերջում չիրականացավ, նա չհանձնվեց։ Ինձ դուր եկավ հորեղբոր վերաբերմունքը, որովհետև նա իր գործի մեջ ոչ միայն գումար էր տեսնում, այլ նաև գեղեցկություն և հոգատարություն։

  1. Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

Հորեղբոր երազանքը

Նռնենիների տնկումը

Այգու ստեղծումը

Երազանքի չիրականանալը

Նռնենիների չորանալը

  1. Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին, բնութագրի՛ր։

Հորեղբայրը – Նա երազող, աշխատասեր, բարի և համառ մարդ էր։ Նա շատ էր սիրում բնությունը և իր տնկած ծառերը։ Երբեմն նա միամիտ էր, որովհետև հավատում էր, որ անպայման կկարողանա անապատը դարձնել այգի։

Տղան – Նա հետաքրքրասեր, ուշադիր և հորեղբորը հասկացող տղա էր։ Նա օգնում էր հորեղբորը և պատմում էր նրա աշխատանքների մասին։

Դիեգոն – Նա աշխատասեր և քաղաքավարի մեքսիկացի բանվոր էր։ Նա իր գործը լավ էր անում և չէր ծաղրում հորեղբոր երազանքը։

Դ’Ագոստինոն – Նա գործարար մարդ էր, որը միայն մտածում էր այն մասին, թե ինչն է վաճառվում։ Նա չէր հասկանում, թե հորեղբոր համար ինչ նշանակություն ունեին նռները։

  1. Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը, ինչո՞ւ։

Այո՛, ինձ համար ավարտը համոզիչ էր։ Հորեղբոր երազանքը շատ գեղեցիկ էր, բայց նա մեծ դժվարություններ ուներ՝ ջրի պակաս, փողի խնդիր և նռների չվաճառվելը։ Վերջում նա կորցրեց հողը, իսկ առանց խնամքի ծառերը չորացան։ Տխուր ավարտ էր, բայց այն ցույց է տալիս, որ երբեմն մարդու երազանքը կարող է չիրականանալ, նույնիսկ եթե նա շատ է աշխատում դրա համար։

  1. Ի՞նչ նշանակություն ուներ հողագործությունը հորեղբոր համար, ինչո՞ւ։

Հողագործությունը հորեղբոր համար կարևոր էր, որովհետև նա սիրում էր հողն ու ծառերը։ Նա ուզում էր անապատը դարձնել գեղեցիկ այգի։ Նա շատ էր սիրում իր աշխատանքը և չէր ուզում հանձնվել։ Նռնենիները նրա համար պարզապես ծառեր չէին, այլ իր երազանքն էին։

  1. Մեկնաբանի՛ր՝ «Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի»։

Այս խոսքերը նշանակում են, որ հորեղբայրը չէր կարող բացատրել Գրիֆիթին, թե ինչու են իր համար այդ ծառերը այդքան կարևոր։ Գրիֆիթը նռնենիների մեջ միայն ծառեր էր տեսնում, իսկ հորեղբայրը դրանց մեջ տեսնում էր իր աշխատանքի, ժամանակի, սիրո և երազանքի արդյունքը։