Հայոց ցեղասպանության հետևանքները և դատապարտումը

ԳՐԱՎՈՐ – ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Ներկայացրո՛ւ։ Որո՞նք են Հայոց ցեղասպանության հետևանքները։ Ո՞րն է դրանցից ծանրագույնը։

Հայոց ցեղասպանության հետևանքներն էին հայերի զանգվածային սպանությունը, հայրենազրկումը, ունեցվածքի և մշակութային ժառանգության կորուստը, ինչպես նաև սփյուռքի ձևավորումը։ Ամենածանր հետևանքը մոտ 1,5 միլիոն հայերի սպանությունն էր։

բ. Բնութագրի՛ր։ Ինչպե՞ս կբնութագրեք Հայոց ցեղասպանության տարիներին միսիոներների գործունեությունը։

Միսիոներների գործունեությունը մարդասիրական և անձնվեր էր։ Նրանք տեղեկացնում էին աշխարհին հայերի կոտորածների մասին և փորձում էին փրկել հայ կանանց ու երեխաներին։

գ. Գնահատի՛ր։ Ինչպիսի՞ դերակատարում ունեցավ եկեղեցին ցեղասպանությունից փրկվածներին օգնելու և զոհերի հիշատակը հավերժացնելու գործում։

Եկեղեցին կարևոր դեր ունեցավ փրկվածներին օգնելու և զոհերի հիշատակը պահպանելու գործում։ Այն օգնեց գաղթականներին և որբերին, իսկ 2015 թ. իրականացրեց ցեղասպանության զոհերի սրբադասումը։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1. Հիմնավորի՛ր։ Ի՞նչ փաստերով կարող եք հիմնավորել «ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» պնդումը։

Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որովհետև դրա նպատակն է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի ոչնչացնելը։ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվեցին մոտ 1,5 միլիոն հայեր, և նրանց դեմ կիրառվեցին ցեղասպանության տարբեր ձևեր։

2. Արժևորի՛ր։ Որո՞նք էին ցեղասպանության 50-րդ տարելիցի միջոցառումների կարևորությունը։

1965 թ. ցեղասպանության 50-րդ տարելիցի պետական նշումը կարևոր էր, որովհետև այն օգնեց վերացնել երկար տարիների լռությունը։ Դրանից հետո սկսվեցին ավելի շատ ուսումնասիրություններ և գրքերի ու փաստաթղթերի հրատարակումներ։

3. Համեմատի՛ր։ Ինչո՞վ էին տարբերվում Հայոց ցեղասպանության առնչությամբ Անտանտի և Եռյակ դաշինքի պետությունների դիրքորոշումները։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։

Անտանտի պետությունները դատապարտում էին հայերի կոտորածները և պահանջում պատասխանատվություն, իսկ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիան և Ավստրո-Հունգարիան հիմնականում անտարբեր էին։ Դա պայմանավորված էր նրանց քաղաքական և ռազմական շահերով։

Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը

Գրավոր – ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Վերլուծի՛ր։ Ի՞նչ կարևորություն ունեին ինքնապաշտպանական մարտերը։ Ինչո՞ւ ինքնապաշտպանություն չկազմակերպվեց ավելի շատ բնակավայրերում։ Ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ հայերի համախմբված պայքարը։

Ինքնապաշտպանական մարտերը շատ կարևոր էին, որովհետև դրանց շնորհիվ որոշ բնակավայրերի հայեր կարողացան փրկվել և ավելի քիչ կորուստներ ունենալ։ Օրինակ Վանում և Մուսա լեռում հայերը կարողացան երկար ժամանակ դիմադրել թշնամուն և ժամանակ շահել օգնության հասնելու համար։ Ինքնապաշտպանություն ավելի շատ բնակավայրերում չկազմակերպվեց, որովհետև հայերը հաճախ չունեին բավարար զենք, զինամթերք և կազմակերպված ուժեր։ Եթե հայերը կարողանային ավելի համախմբված պայքարել, նրանք կարող էին ավելի երկար դիմադրել, ավելի շատ մարդկանց փրկել և ավելի մեծ վնաս հասցնել հակառակորդին։

Գնահատի՛ր կամավորական ջոկատների գործունեությունը։

Կամավորական ջոկատների գործունեությունը կարևոր էր, որովհետև հայ կամավորները մասնակցեցին ռուսական բանակի տարբեր ռազմական գործողություններին և օգնեցին հաղթանակներ գրանցել։ Նրանք մասնակցեցին Վանի, Մուշի, Խնուսի, Բիթլիսի և Էրզրումի գրավմանը։ Իմ կարծիքով, կամավորական ջոկատները նաև կարևոր էին նրանով, որ հայերը կարողացան կազմակերպված ձևով մասնակցել պատերազմին և պաշտպանել հայ բնակչությանը։ Նրանց գործունեությունը ցույց տվեց հայերի միասնականության և պայքարելու պատրաստակամության մասին։

Համեմատի՛ր քեմալական և երիտթուրքական շարժում­ները։

Երիտթուրքական և քեմալական շարժումները երկուսն էլ ձգտում էին ստեղծել թուրքական ազգային պետություն և պայքարում էին իրենց նպատակներին հասնելու համար։ Երկու շարժումների ժամանակ էլ հայերը ենթարկվեցին կոտորածների և տեղահանությունների։ Տարբերությունն այն էր, որ երիտթուրքերի օրոք 1915 թվականին իրականացվեց Հայոց ցեղասպանության հիմնական փուլը, իսկ պատերազմից հետո քեմալականները շարունակեցին հայերի դեմ բռնությունները, հատկապես Կիլիկիայում։ Այսպիսով, քեմալականների քաղաքականությունը շատ առումներով շարունակեց երիտթուրքերի սկսած հայաջինջ քաղաքականությունը։

Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ Էսսե

Ինչպիսի՞ քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային պայմաններում էին ապրում հայերը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության ներքո XX դարի սկզբին, և ինչպե՞ս էին այդ պայմաններն ազդում հայ ժողովրդի ազգային-ազատագրական ձգտումների վրա։

Ներածություն

XX դարի սկզբին Հայաստանը բաժանված էր Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև։ Հայերը երկու կայսրություներում էլ ապրում էին տարբեր պայմաններում, բայց երկու դեպքում էլ կային շատ դժվարություններ։ Այս պայմանները մեծ ազդեցություն ունեցան հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և անկախության ձգտումների վրա։

Հիմնական մաս

Ռուսական կայսրության կազմում գտնվող Արևելյան Հայաստանի հայերը համեմատաբար ավելի լավ պայմաններում էին ապրում, հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։ Կային հայկական դպրոցներ, մշակութային կազմակերպություններ և մամուլ։ Սակայն ցարական իշխանությունը փորձում էր վերահսկել հայերի ազգային կյանքը։ XX դարի սկզբին ճնշումների կենտրոնում հայտնվեց Հայ առաքելական եկեղեցին։ 1903 թ. հունիսի 12-ին ընդունվեց եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքը, որով պետք է բռնագրավեր եկեղեցու շարժական և անշարժ գույքը։ Գյուղացիների վիճակն էլ ծանր էր։

Օսմանյան կայսրության կազմում գտնվող Արևմտյան Հայաստանի հայերի վիճակը ավելի ծանր էր։ Նրանք ենթարկվում էին ծանր հարկերի, ապրում էին իրավազուրկ վիճակում և հաճախ ենթարկվում էին բռնությունների։ Հայերը պայքարում էին իրենց իրավունքների և ազատության համար։ Այդ պայքարում մեծ դեր ունեին ՀՅԴ-ն և այլ ազգային կազմակերպություններ։ 1890-ականների հայերի կոտորածները դարձան հետագա ցեղասպանության նախադրյալներից մեկը։

Չնայած նրան, որ հայերը ապրում էին երկու տարբեր կայսրությունների տիրապետության տակ, նրանց խնդիրներից շատերը նման էին։ Հայ ժողովուրդը ցանկանում էր պաշտպանել իր ազգային ինքնությունը, մշակույթը, իրավունքները և ազատությունը։ Դժվար պայմանները ավելի ուժեղացրին ազգային-ազատագրական պայքարը և անկախության ձգտումը։

Եզրափակում

Կարծում եմ այս դժվար պայմանները մեծ ազդեցություն ունեցան հայ ժողովրդի վրա և ձևավորեցին նրա տոկունությունը։ Հայերը շարունակեցին պայքարել իրենց իրավունքների և ազատության համար։ Այս պատմությունից կարելի է հասկանալ թե որքան կարևոր է ունենալ և պահպանել սեփական պետականությունը։

Առաջադրանք 2

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ/գրավոր/

ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս սկսվեցին և ի՞նչ ընթացք ունեցան հայ-թաթարական բախումները։

Հայ-թաթարական բախումները սկսվեցին 1905 թ․ Բաքվում։ Դրանք տարածվեցին նաև այլ վայրերում։ Բախումների պատճառներից էին ազգային և քաղաքական հակասությունները։ Բախումները տևեցին մոտ երկու տարի և եղան բազմաթիվ զոհեր։

բ. Նշի՛ր։ Թվարկի՛ր երիտթուրքերի՝ Աբդուլ Համիդի քաղաքականության շարունակողներ լինելու հանգամանքը հիմնավորող մի քանի փաստ։

Երիտթուրքերը շարունակեցին հայերի նկատմամբ ճնշումները և բռնությունները։ Նրանք չփոխեցին ազգային քաղաքականությունը և շարունակեցին հայերի իրավունքների սահմանափակումը։ 1915 թ․ սկսեցին հայերի զանգվածային տեղահանությունն ու կոտորածը։

գ. Քննի՛ր։ Ի՞նչ էր պանթյուրքիզմը և ի՞նչ վտանգավոր հետևանքներ էր ենթադրում։

Պանթյուրքիզմը գաղափար էր, որի նպատակն էր միավորել թյուրքալեզու ժողովուրդներին մեկ պետության մեջ։ Այն վտանգավոր էր հայերի և մյուս ժողովուրդների համար, քանի որ կարող էր բերել նրանց հալածանքների, տեղահանության և ոչնչացման։

Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նախապատրաստական քայլեր կատարվեցին մինչ կոտորածների սկսելը։ Ինչո՞ւ ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը։

Մինչև կոտորածները հայերի նկատմամբ ճնշումները շատացան, բարձրացվեցին հարկերը և արգելվեց «Հայաստան» անունը օգտագործել պաշտոնական գրություններում։ 1891 թ․ ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը, որպեսզի ճնշեն հայերին և օգնեն կոտորածների իրականացմանը։

բ. Նշի՛ր։ Ո՞ր քայլերը նպաստեցին Զեյթունի ինքնապաշտպանության հաղթանակին։

Զեյթունի հաղթանակին օգնեցին հայերի միասնությունը, լավ կազմակերպված ինքնապաշտպանությունը և զենքերի ձեռք բերումը։ Նրանք գրավեցին թուրքական զորանոցները և ստիպեցին թուրքերին բանակցել։

գ. Քննի՛ր։ Ինչո՞ւ վանեցիները վայր դրեցին զենքերը։ Արդյոք դա ճի՞շտ որոշում էր։

Վանեցիները զենքերը վայր դրեցին, որովհետև արդեն քիչ զինամթերք ունեին և ուզում էին փրկել իրենց կյանքը։ Իմ կարծիքով՝ այդ պահին դա հասկանալի որոշում էր, բայց թուրքերին վստահելը վտանգավոր էր։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ նշանակություն ունեցան ինքնապաշտպանական մարտերը։

Ինքնապաշտպանական մարտերը օգնեցին շատ հայերի փրկվել։ Դրանք նաև ցույց տվեցին, որ հայերը կարող էին միասնական և կազմակերպված պայքարել իրենց պաշտպանելու համար։

2. Վերլուծի՛ր։ Կոտորածների իրականացման մեջ ի՞նչ նշանակություն ունեցան կրոնը և մուսուլման հոգևոր առաջնորդները։

Կրոնը օգտագործվում էր հայերի նկատմամբ ատելություն տարածելու համար։ Մուսուլման հոգևոր առաջնորդները մարդկանց համոզում էին, որ հայերի դեմ պայքարը ճիշտ է, և դրանով նպաստում էին կոտորածներին։

3. Բացատրի՛ր։ Ի՞նչ հանգամանքներ խանգարեցին Աբդուլ Համիդ II-ին իրականացնելու հայերի ամբողջական ոչնչացումը։

Աբդուլ Համիդ II-ին խանգարեցին հայերի ինքնապաշտպանությունը և եվրոպական երկրների ճնշումը։ Սասունում, Զեյթունում և Վանում հայերը դիմադրեցին, իսկ եվրոպական երկրները պահանջում էին բարեփոխումներ։