Առաջադրանք 1
>Դասը սովորել պատմել – Հայաստանը 1917 թ. արմատական փոփոխությունների փուլում /էջ 39-43,գրավոր պատասխանել հարցերին էջ 43/ դասագիրք
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ժամանակավոր կառավարություն- Կառավարություն, որը ստեղծվեց Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխությունից հետո և պետք է կառավարեր երկիրը մինչև Հիմնադիր ժողովի հրավիրումը։
Երկիշխանություն- Իրավիճակ, երբ երկրում միաժամանակ իշխանություն ունեին երկու կառույց՝ Պետրոգրադի խորհուրդը և Ժամանակավոր կառավարությունը։
Գ. Լվով- Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության առաջին ղեկավարն էր։
Անդրկովկասյան հատուկ կոմիտե- Մարմին, որը ստեղծվեց 1917 թ. մարտի 9-ին՝ Անդրկովկասը կառավարելու համար։
Մ. Պապաջանյան- Հայ քաղաքական գործիչ էր, որը ընդգրկվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեի կազմում։
Պ. Ավերյանով- Նշանակվեց Արևմտյան Հայաստանի և հարակից գրավված տարածքների գեներալ-կոմիսար։
Հ. Զավրիյան- Հայ քաղաքական գործիչ էր, որը դարձավ Պ. Ավերյանովի տեղակալը քաղաքացիական հարցերով։
Թուրքահայաստան- Արևմտյան Հայաստանի անվանումը, որը պաշտոնական ճանաչում ստացավ 1917 թ.։
Վ. Փափազյան (Կոմս)- Գլխավորեց Արևմտահայ ազգային խորհուրդը։
Արևմտահայ ազգային խորհուրդ- Մարմին, որը ստեղծվեց արևմտահայերի խնդիրները լուծելու և նրանց վերադարձը կազմակերպելու համար։
Ա. Ահարոնյան- Հայ քաղաքական գործիչ էր, որը գլխավորեց Հայոց ազգային խորհուրդը։
Հայոց ազգային խորհուրդ- Հայերի կենտրոնական ղեկավար մարմինն էր, որը զբաղվում էր ազգային հարցերով։
Խ. Կարճիկյան- Անդրկովկասյան կոմիսարիատում պատասխանատու էր ֆինանսական ոլորտի համար։
Գ. Տեր-Ղազարյան- Անդրկովկասյան կոմիսարիատում պատասխանատու էր պարենավորման հարցերի համար։
Հ. Օհանջանյան- Անդրկովկասյան կոմիսարիատում պատասխանատու էր սոցիալական ոլորտի համար։
Վ. Լենին- Բոլշևիկների առաջնորդն էր, որը Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո գլխավորեց նոր կառավարությունը։
Ս. Շահումյան- Հայազգի բոլշևիկ էր, որի գլխավորությամբ բոլշևիկների իշխանությունը հաստատվեց Բաքվում։
Թ. Նազարբեկյան- Հայ գեներալ էր, որը գլխավորեց Հայկական կորպուսը։
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ
1. Նկարագրի՛ր Փետրվարյան հեղափոխությունը և Հոկտեմբերյան հեղաշրջումը։ Ներկայացրո՛ւ ազգային խորհուրդների և զորամասերի ստեղծումը։
1917 թ. փետրվարին Ռուսաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, և Ռոմանովների արքայատոհմը կորցրեց իշխանությունը։ Ստեղծվեց Ժամանակավոր կառավարությունը, իսկ հայերը սկսեցին ավելի ակտիվ կազմակերպվել։ Արևմտահայերը ստեղծեցին իրենց ազգային խորհուրդը, իսկ արևելահայերը Հայոց ազգային խորհուրդը, Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ։ Հոկտեմբերին բոլշևիկները Լենինի գլխավորությամբ վերցրին իշխանությունը։ Երբ ռուսական բանակը հեռացավ Կովկասյան ռազմաճակատից, հայերը սկսեցին կազմավորել սեփական զորամասերը, Թովմաս Նազարբեկյանի և Անդրանիկի գլխավորությամբ։
բ. Բացատրի՛ր
2. Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխությունը և տապալվեց Ռոմանովների արքայատոհմը։
Ռուսաստանում կային բազմաթիվ չլուծված խնդիրներ, իսկ Առաջին համաշխարհային պատերազմը ավելի էր ծանրացրել մարդկանց կյանքը։ Ժողովուրդը դժգոհ էր իշխանությունից, և 1917 թ. փետրվարին հեղափոխության արդյունքում Ռոմանովների արքայատոհմը տապալվեց։
3. Ինչպե՞ս կբնութագրես երկիշխանության առաջացումը։ Ի՞նչ կառավարման համակարգ ստեղծվեց Անդրկովկասում և Հայաստանում։
Երկիշխանություն առաջացավ որովհետև Ռուսաստանում միաժամանակ գործում էին Ժամանակավոր կառավարությունը և Պետրոգրադի խորհուրդը։ Անդրկովկասում ստեղծվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեն, իսկ հետո Անդրկովկասյան կոմիսարիատը և Սեյմը։ Հայաստանում նույնպես ստեղծվեցին տեղական կառավարման մարմիններ և ազգային խորհուրդներ։
գ. Վերլուծի՛ր
4. Ինչո՞ւ էին Այսրկովկասի հիմնական ազգերը պայքարում վարչատարածքային փոփոխությունների համար, և ի՞նչ էին ցանկանում հայերը։
Հայերը, վրացիները և կովկասյան թաթարները ցանկանում էին որ տարածքների սահմանները համապատասխանեն իրենց ազգային շահերին։ Հայերը ցանկանում էին ստեղծել հայկական նահանգներ` ներառելով Երևանը, Ալեքսանդրապոլը, Գանձակը, Զանգեզուրը, Ղարաբաղը, Ջավախքը և Լոռին։ Սակայն ժողովուրդները տարբեր պատկերացումներ ունեին սահմանների վերաբերյալ, և հարցը չլուծվեց։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ի՞նչ հանգամանքներով էին պայմանավորված Ժամանակավոր կառավարության և Ժողկոմխորհի քաղաքականությունը Հայկական հարցում։
Ժամանակավոր կառավարությունը ցանկանում էր կառավարել Արևմտյան Հայաստանը և որոշ քայլերով օգնել հայերին վերադառնալ իրենց բնակավայրեր։ Իսկ բոլշևիկները խոստանում էին ճանաչել արևմտահայերի ինքնորոշման իրավունքը։ Բայց երբ ռուսական բանակը հեռացավ, հայերը կորցրին կարևոր ռազմական աջակցությունը, և այդ խոստումները չկարողացան ապահովել նրանց անվտանգությունը։
2. Ի՞նչ նշանակություն ունեցավ հայերի քաղաքական և ռազմական ինքնակազմակերպումը։ Համեմատի՛ր Փետրվարյան հեղափոխության և Հոկտեմբերյան հեղաշրջման նշանակությունը հայերի համար։
Հայերի քաղաքական ինքնակազմակերպումը օգնեց ստեղծել ազգային խորհուրդներ և լուծել ազգային խնդիրները։ Ռազմական ինքնակազմակերպումը կարևոր էր, որովհետև ռուսական բանակի հեռանալուց հետո հայերը պետք է իրենք պաշտպանեին իրենց։ Փետրվարյան հեղափոխությունը հայերին ավելի ազատ կազմակերպվելու հնարավորություն տվեց, իսկ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուսական բանակի հեռանալը վատացրեց հայերի վիճակը և մեծացրեց թուրքական հարձակման վտանգը։