Posted in Մայրենի, Ընթերցանություն

,,Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը,,

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։

— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։