Զմրուխտ գարունն էր հյուր եկել բնությանը: Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները: Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին: Բնությունը զարթոնք էր ապրում: Ծեր այգեպանն իր այգում մի փոքրիկ եղևնի տնկեց՝ հազիվ մեկ եղևնի: Եղևնին նման էր կանաչ հանդերձ հագած, շփոթված երեխայի: Արևի շողերը հազիվ էին հասնում նրան: Մի մեծ, հզոր բարդի իր ճյուղերով փակել էր արեվի ճանապարհը: Եղևնին տխրում էր արևի կարոտից: Նա բարձրահասակ բարդու ստվերի տակ իրեն զգում էր խեղճ ու անօգնական:
Մի օր էլ փոքրիկ եղևնին չդիմացավ ու սկսեց բարձրաձայն արտասվել: Հպարտ բարդին լսեց նրա լացի ձայնը ու հարցրեց.
-Ինչո՞ւ ես լաց լինում, այգեպանը լացկաններին չի սիրում:
-Ես լացկան չեմ, բայց արևի շողերը ինձ չեն հասնում եվ ես վախենում եմ, որ միշտ փոքրիկ կմնամ: Իսկ ես այնքա ՜ն եմ ուզում մեծանալ, գեղեցիկ ծառ դառնալ,-ասաց փոքրիկ եղևնին:
Բարդին արհամարհանքով վերևից քմծիծաղ տվեց.
-Մի քեզ նայի՛ր, քո թույլ ճյուղերին: Դու չես կարող մեծանալ: Իսկ հիմա ինձ նայի՛ր: Տե՛ս, թե որքան հզոր եմ ու ուժեղ: Եվ այնքան պիտի բարձրանամ, որ ճյուղերս երկինք հասցնեմ:
Փոքրիկ եղևնին ավելի կծկվեց ու ինքնամփոփ դարձավ: Այդպես անցավ գարունը և եկավ շոգ ամառը: Բարդու սաղարթն ավելի փարթամացավ: Արևի ճառագայթները չէին կարողանում ճեղքել նրա հզոր ճյուղերը, որպեսզի հասնեն եղևնուն: Իսկ փոքրիկ եղևնին այնքա՜ն էր ուզում աճել ու մեծանալ:
Եղևնին կրկին սկսեց կամացուկ հեծկլտալ: Անպատկառ բարդին շրջվեց և գոռաց նրա վրա.
-Ի՞նչ ես նորից նվնվում:
Եղևնին լացակումած շշնջաց.
-Խնդրում եմ, խղճա՛ ինձ, մի քիչ բացի՛ր ճյուղերդ: Թող արևը ինձ էլ հասնի:
-Այդ էր պակաս, որ քեզ նման խղճուկի համար նեղացնեմ իմ ճյուղերին,-հոխորտաց բարդին:
Փոքրիկ եղևնին ձայնը կտրեց: Ամառն էլ անցավ ու եկավ ոսկեհեր աշունը: Բարդին աշնանային զգեստ հագավ: Նրա կանաչ-դեղին տերևները անհոգ խաղում էին իրար հետ: Բայց ահա խոր աշնան անսիրտ քամին պոկոտեց բարդու տերևներն ու ցաքուցրիվ շպրտեց դեսուդեն: Բարդին լրիվ մերկացավ ու սկսեց դողալ: Ալեհեր ձմեռն իր ցուրտ շնչով սառեցրեց ողջ բնությունը: Բարդին սարսռաց ցրտից ու նրա բնին արցունքի սառած բյուրեղներ երևացին: Բարդին նայեց փոքրիկ եղևնուն, որ դեռ կանաչ էր ու չէր մրսում:
-Խնդրում եմ, գրկի՛ր իմ բունը, թե չէ ես կմեռնեմ ցրտից,-հուսահատ աղերսեց բարդին:
-Երբ ես լալիս էի, դու ինձ չէիր օգնում: Երբ ես խնդրում էի, դու չէիր լսում իմ ձայնը: Բայց ես կօգնեմ քեզ: Չէ՞ որ մենք բոլորս մեր մայր բնության զավակներն ենք,-ասաց եղևնին:
Փոքրիկ եղևնու բարի սիրտը լցվեց խղճահարությամբ և նա իր մատղաշ, կանաչ ճյուղերով փաթաթվեց ու գրկեց բարդու սառած բունը:
Առաջադրանքներ
1 Բացատրիր ընդգծված բառերը։ հանդերձ-հագուստ, սաղարթն-տերևներ, հոխորտաց-բարկացավ, Ալեհեր-սպիտակ մազերով, սարսռաց-դողացրեց, աղերսեց-աղաչեց:
․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։ Իմ կարծիքով եղևնին շատ փոքրիկ էր բայց շատ մեծ սիրտուներ:Նա անպաշտպան էր բայց միևնույն ժամանակ իր բարության համար պարգևատրվել էր, որ ամբողջ տարվա մեջ մնա կանաչ:
3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։ Մի մեծ, հզոր բարդի իր ճյուղերով փակել էր արեվի ճանապարհը:Բարդին արհամարհանքով վերևից քմծիծաղ տվեց. : Բարդու սաղարթն ավելի փարթամացավ: Արևի ճառագայթները չէին կարողանում ճեղքել նրա հզոր ճյուղերը, որպեսզի հասնեն եղևնուն: Բարդին աշնանային զգեստ հագավ: Նրա կանաչ-դեղին տերևները անհոգ խաղում էին իրար հետ: Բայց ահա խոր աշնան անսիրտ քամին պոկոտեց բարդու տերևներն ու ցաքուցրիվ շպրտեց դեսուդեն: Բարդին լրիվ մերկացավ ու սկսեց դողալ:
4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։Զմրուխտ գարունն, քաղցրահնչյուն երգում, ջերմ ժպիտ: Սարերում զմրուխտ գարուն է: Սոխակը քաղցրահնձյուն երգում է:Ամեն առավոտ տատիկս երազում է տեսնել իմ ջերմ ժպիտը:
4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։
Փոքրիկ եղևնու բարի սիրտը լցվեց խղճահարությամբ և նա իր մատղաշ, կանաչ ճյուղերով փաթաթվեց ու գրկեց բարդու սառած բունը:
Փոքրիկ, բարի, մատղաշ, կանաչ, սառած:
5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։
Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները:
-Ինչո՞ւ ես լաց լինում, այգեպանը լացկաններին չի սիրում:
6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։
Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները:Թռչունները երգում էին:
Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին:Արևը ողջունում էր:
Բայց ահա խոր աշնան անսիրտ քամին պոկոտեց բարդու տերևներն ու ցաքուցրիվ շպրտեց դեսուդեն:Քամին պոկոտեց տերևները: