Posted in Հայրենագիտություն

Քարերի սիմֆոնիա և Գեղարդի մասին

Քարերի Սիմֆոնիա : CarForRent.am - Զբոսաշրջությունը Հայաստանում :

Կոտայքի մարզում, Գառնի գյուղից ոչ հեռու, գտնվում է Ազատի կիրճը, որի երկայնքով անցնում է հրաբխային հոսքերի հետևանքով առաջացած «Քարերի սիմֆոնիան» (երևույթի գիտական անվանումն է` սյունային անջատում):Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:«Քարերի սիմֆոնիան» համարվում է բնական հուշարձան և պաշտպանվում է օրենքով:Այն Հայաստանի տեսարժան վայրերի ցուցակում ներառված հայտնի հուշարձաններից մեկն է:

Գեղարդի վանք

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին։
Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։  

Գեղարդի վանք

Էրեբունի թանգարանի քարտեզ

Posted in Հայրենագիտություն

Գառնիի տաճար

Գառնիի տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Posted in Մայրենի, Ընթերցանություն

Մի կաթիլ մեղրը

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից

Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
        Մեղրը չունե՞ս,
        Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.

Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։

Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով

Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,

Էս խանութի տիրոջ կատուն
        Դուրս է ցատկում,
        Թաթով զարկում…

Բայց հենց կատվի ցատկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ

Հաֆ է անում,
        Վեր է կենամ,
        Խեղճ փիսիկին
        Դընում տակին,
        Ձեռաց խեղդում

Ու շըպըրտում։

— Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,-
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը

Տուր՝ թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալի կատվի կողքին։

— Վա՜յ, ձեզ մատա՜ղ, ասլան շունըս,
Իմ ապրո՜ւստըս, տե՜ղըս, տո՜ւնըս…
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,

Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան–ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես…
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը

Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում։

— Ըսպանեցի՜ն… հա՜յ, օգնությո՜ւն…
Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.

— Հա՜յ, օգնությո՜ւն… ըսպանեցի՜ն…
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
        Ճիչով, լալով,
        Հարայ տալով,—

Էլ հերն ու մեր.
        Քիր ու ախպեր,
        Կին, երեխեք,
        Ընկեր տըղեք,
        Զոքանչ, աներ,

Քավոր, սանհեր,
        Քեռի, փեսա…
Ինչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.

— Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ ըսպանես…

Մին ասում են՝ տասը զարկում,

Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Իր շան կողքին երկար ու մեկ։
— Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.

— Հե՜յ, օգնեցե՜ք,
        Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն…

Ինչպես շընաճանճի մի բուն
        Քանդես, թողնես,

Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՛հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.

Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ —

Դեպի դուշման գյուղը մոտիկ։
— Տո՛, էսպես էլ անիրավ գյո՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են՝ քաշում սըրի։

Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին…
        Գընա՜նք, զարկե՜նք,
        Ջարդե՜նք, կրակե՜նք…
— Հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ…

Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին,

Ջարդեցին իրար,
        Ջընջեցին իրար,
        Կորան, գընացին
        Գետնին հավասար։

Դու մի՛ ասիլ, մեկը մեկից

Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի։
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,

Արձակում է հըրովարտակ
Ժողովըրդին իր հըպատակ.
— Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական —
        Ամեն շարքին

Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,

Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին։
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,

Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի։

Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և չար, և նենգ,

Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կըռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշը կապած։
Արդ՝ ակամա մենք ըստիպված,

Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի —
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա

Ու մեր սուրը նորա վըրա։
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,

Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ…
        Ամառ, ձըմեռ,
        Ողջ տարիներ
        Մըշակն անբան,

Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ — սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ…

Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ։

Առաջադրանք

զըռ-կոպիտ,անտաշ

չոբան-հովիվ

սհաթ-ժամ, պահ

ասլան-առյուծ, առյուծինման

քիր-քույր

սանահեր-սանիկի հայրը

աղցանանել-սաստիկ ծեծել

բոթ-վատ լուր

օրդուկապել-խումբ կազմել, հավաքվել

եղան-խոտ հավաքելու գործիք

անգդակ-գլխաբաց, առան գլխարկի

դուշման-թշնամի

նամուս-պատին

ադաթ-ավանդույթ, սովորույթ

հրովարտակ-թագավոր գրավոր դիմումը ժողովրդին

վոխ-քեն,վրեժ

դաշն-դաշինք

շռինդ-ուժգին ձայն, թնդյուն