Գրավոր շարադրման հարցեր Հրանտ Մաթևոսյան. «Կանաչ դաշտը»

2-րդ հատված

1. Ի՞նչ է խորհրդանշում «կանաչ դաշտը»։
«Կանաչ դաշտը» խորհրդանշում է կյանքը, բնությունը և կյանքի շարունակությունը։ Չնայած այն ամենին ինչ տեղի ունեցավ, վերջում դաշտը նորից կանաչեց։

2. Պատմվածքում ինչպե՞ս են հակադրվում կանաչը և սևը։
Կանաչը ներկայացնում է կյանքը, խաղաղությունն ու նոր սկիզբը, իսկ սևը մահը, ցավը և կռվի հետևանքները։

3. Ի՞նչ նշանակություն ունի այն, որ ձիու կռվից հետո սևացած հողը երեք տարի խոտ չի տալիս, իսկ հետո «կանաչը հաղթում է»։
Դա ցույց է տալիս, որ ցավից հետո էլ կյանքը շարունակվում է։ Երեք տարի անց նորից խոտ ու ծաղիկներ են աճում, այսինքն կյանքը վերջում հաղթում է։

4. Ինչո՞ւ է պատմվածքի վերջում արդեն մեծացած քուռակը դարձյալ կապված նույն կանաչ դաշտում։
Քուռակը մեծացել էր, բայց նորից նույն դաշտում էր որտեղ կորցրել էր մորը։ Նա շարունակում էր ապրել իր մոր հիշողության մեջ։

5. Ի՞նչ իմաստ ունի քուռակի ոտքի հին սպին։
Սպին հիշեցնում է այն օրվա մասին, երբ գայլը հարձակվեց նրա վրա։ Այն ցույց է տալիս, որ անցած դեպքերը կարող են հետք թողնել մարդու կամ կենդանու վրա։

6. Ինչո՞ւ է պատմվածքի վերջում կրկին հիշատակվում կայծակը և քուռակի առաջին վախը։
Հեղինակը նորից հիշեցնում է պատմության սկիզբը, որպեսզի ցույց տա թե որտեղից սկսվեց այդ ամբողջ դեպքը։ Քուռակի առաջին վախը կապված էր նաև մոր մոտ վերադառնալու հետ։

7. «Կանաչը հաղթեց» արտահայտությունն ի՞նչ գաղափար է փոխանցում։
Այն ցույց է տալիս որ կյանքը և բնությունը վերջում հաղթում են մահին ու ցավին։

8. Կարո՞ղ ենք ասել, որ պատմվածքը միայն ձիու և գայլի մասին չէ։ Հիմնավորե՛ք։
Այո, որովհետև պատմվածքը նաև մայրական սիրո, զոհաբերության, կյանքի և մահվան մասին է։ Ձիու ու գայլի կռիվը պարզապես ցույց է տալիս, թե ինչի կարող են պատրաստ լինել ծնողները իրենց ձագերի համար։

9. Ո՞վ էր իրականում հաղթողը՝ գա՞յլը, ձի՞ն, թե՞ կյանքը։
Իմ կարծիքով իրականում հաղթողը կյանքն էր, որովհետև ձիու մահից հետո էլ քուռակը ապրեց և մեծացավ, իսկ դաշտը նորից կանաչեց։

10. Եթե մայր ձին գիտեր, որ կարող է զոհվել, ինչո՞ւ շարունակեց պայքարել։
Նա շարունակեց պայքարել, որովհետև ամենակարևորը իր քուռակին փրկելն էր։ Մայրական սերը նրա համար ավելի կարևոր էր, քան իր կյանքը։

11. Գայլը նույնպես պայքարում էր իր ձագերի համար։ Այս դեպքում ո՞րն է տարբերությունը նրա և մայր ձիու պայքարի միջև։
Երկուսն էլ պայքարում էին իրենց ձագերի համար, բայց գայլը ուզում էր քուռակին բռնել, որպեսզի իր ձագերին կերակրի, իսկ ձին պայքարում էր որպեսզի իր քուռակին փրկի։

12. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքի վերջում ասում, որ գուցե քուռակը հիշում է իր կարմիր մայրիկին։
Հեղինակը ուզում է ցույց տալ, որ քուռակը կարող էր չմոռանալ իր մորը, քանի որ մայրական սերը և հիշողությունը շատ ուժեղ են։

13. Եթե դուք լինեիք փոքրիկ հովվի փոխարեն, ի՞նչ կանեիք։
Ես նույնպես կկանչեի շներին և մյուս հովիվներին, որպեսզի օգնեն ձիուն ու քուռակին։ Կփորձեի հնարավորինս արագ օգնության հասնել։

14. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքի վերջում կրկին սկսում պատմությունը՝ «Կայծակը չոր ճայթյունով…»։
Հեղինակը կրկին սկսում է պատմությունը, որպեսզի ցույց տա որ այդ դեպքը հիշողության մեջ շարունակվում է։ Նա կարծես նորից վերադառնում է պատմության սկզբին։

15. Ի՞նչ զգացողություն է առաջացնում այդ շրջանաձև կառուցվածքը։
Այն ինձ մոտ առաջացնում է տխուր և մի քիչ ծանր զգացողություն։ Կարծես պատմությունը ավարտվելուց հետո էլ ամբողջությամբ չի ավարտվում և շարունակում է կրկնվել հիշողության մեջ։

16. «Մայր ձին թող չմեռնի» — ինչո՞ւ է պատմվածքի վերջում երեխայի ցանկությունը անհնար իրականացնել։
Որովհետև մայր ձին արդեն մահացել էր և պատմողը չէր կարող փոխել իրականությունը։ Երեխայի ցանկությունը ցույց է տալիս, թե որքան էր նա ցավում այդ դեպքի համար։

17. Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը սիրո, զոհաբերության և ապրելու մասին։
Պատմվածքը սովորեցնում է, որ իսկական սերը կարող է ստիպել մարդուն կամ կենդանուն նույնիսկ իր կյանքը զոհել ուրիշի համար։ Այն նաև ցույց է տալիս որ նույնիսկ մեծ ցավից հետո կյանքը շարունակվում է և նորից կարող է կանաչել։

Թողնել մեկնաբանություն