Քրիստոնեական ամենանշանակալի տոներից մեկը հայկական ավանդույթների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Տեղական որոշ սովորույթներ բավական յուրօրինակ են, ուրիշներին (օրինակ՝ ձվերի ներկումը) հետևում են ամբողջ աշխարհի քրիստոնյաները: Զատիկը ամենասիրված գարնանային տոնն է, որը խորհրդանշում է զարրթոնքը և հույսը, և Հայաստանում այն նշում են մայրաքաղաքի և նույնիսկ ամենահեռավոր գյուղի յուրաքանչյուր ընտանիքում: Զատկի տոնի օրը հայերը միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», պատասխանն է՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Ինչպե՞ս է Հայաստանում նշվում Սուրբ Զատիկը
Սուրբ Զատիկի տոնը հիմնականում հայերը նշում են տանը՝ ընտանիքի և մտերիմների հետ: Տոնի գլխավոր հատկանիշներից մեկը գույնզգույն ձվերն են: Նախկինում ձվերը ընդունված էր ներկել բացառապես միայն կարմիր գույնով, սակայն այսօր կարելի է օգտագործել ծիածանի բոլոր գույները: Այս ավանդույթը շատ են սիրում հատկապես երեխաները: Երեխաները դուրս են գալիս բակ՝ «մենամարտելու»՝ փորձելով իրենց ձվով կոտրել մրցակցի ձուն: Ինչ վերաբերում է տոնական սեղանին, այստեղ անպակաս է չամչով և ձկնով փլավը: Ձվերի հետ մատուցվում է ավանդական լավաշը և մեծ քանակությամբ թարմ կանաչի: Եվ իհարկե, որպես աղանդեր մատուցվում է տոնական անուշաբույր թխվածքը՝ լցոնած չամչով և չրերով: Երեկոյան՝ տոնի նախօրյակին, և ամբողջ հաջորդ օրը եկեղեցիներում անցկացվում են տոնական պատարագներ:

Զատիկի մասին
Հայոց բոլոր ազգագավառներում Զատիկ անունով հայտի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին և նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը, այսինքն մարտի 21-ից մինչև ապրիլի 25-ն ընկնող այն կիրակին, որը կհաջորդի առաջին լուսնի լրմանը։ Զատիկի տոնի 35–օրյա շարժականությամբ են պայմանավորված տոնացույցի մյուս շարժական տոները, ինչպես Համբարձման, Պայծառակերպության (Վարդավառ) և այլն։ Տոնի եկեղեցական անունը Հարություն, լիարժեք արտահայտում է գարնանային այս տոնի թե՜ եկեղեցական, թե՜ ժողովրդական բովանդակությունը։ Ըստ եկեղեցական տոնացույցի այդ օրը տոնվում է Քրիստոսի հարություն առնելու հրաշքը։ ժողովրդական տոնահանդեսի հիմքում ընկած է այն իրողությունը, որ հայ ժողովուրդը, աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման, վաղնջական ժամանակներից գարնանային գիշերահավասարին նշել է ձմռան ցրտերին հաջորդող բնության «հարությունը». վերազարթոնքը, կյանքի շարունակելիության ու հավերժության ամենամեծ խորհուրդը։
