Հայկական զարթանաշխեր

Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է: Հայկական գորգը տարբեր ժամանակներում և տարածաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ: Հայ գրականության մեջ կարպետ բառը հանդիպում է 5-րդ դարից՝ Աստվածաշնչի թարգմանության մեջ: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է եղել: Ուշագրավ է նաև գորգի մեկ այլ անվանումը՝ խալի կամ գալի, որը ծագում է Կալիկալա՝ Կարին քաղաքի արաբերեն անվանումից, քաղաք, որը հայտնի է եղել իր հարուստ գորգարվեստով: Միջնադարյան հայ գրականության մեջ հանդիպում է գորգի ևս մեկ հոմանիշ` բազմական, «բազմել» բառից:

Հայկական գորգի առանձնահատկությունը

Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևներից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները: Նռան կեղևից ստացել են սև գույնը, կապույտ գույն ստանալու համար օգտագործել են տարբեր բույսերից ստացված ներկերն իրար խառնելու տեխնոլոգիան, բայց հիմնականում Հնդկաստանից ներկրվում էր ինդիգո հայտնի ներկանյութը: Միջնադարում հայկական գորգերի հռչակը մեծապես պայմանավորված էր որդան կարմիրից ստացված երանգներով, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին նաև «կարմիր գորգեր»:

Հայկական գորգերի առանձնահատկություններից էր նաև, որպես հումք օգտագործվող «բալբաս» տեսակի ոչխարի բուրդը, ինչպես նաև լայն տարածում ուներ անգորյան այծի բուրդը: Այն շրջաննրում, որտեղ զարգացած էր բամբակի և մետաքսաթելի մշակումը, լայնորեն կիրառվում էր նաև բամբակ և մետաքսաթել:

Հայկական գորգ / Կարպետ

Հայկական գորգ / Կարպետ

Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը դրանց զարդանախշերն են, քանի որ դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը: Հայկական գորգերը իրենց մեջ կրում են մեծ քանակությամբ ծիսական, պատկերային և գաղափարական զարդանախշեր: Հայկական գորգերում օգտագործված զարդանախշերը լայնորեն կիրառվել են նաև քանդակագործության, մանրանկարչության, ճարտարապետության, արծաթագործության մեջ:

Վիշապագորգ

Հայկական գորգերի թերևս ամենատարածված տեսակը վիաշապագորգն է: Հայկական լեռնաշխարհի տարածված խորհրդանիշներից են վիշապները և միշտ չէ, որ վիշապները խորհրդանշել են չարը և չարիքը: Վիշապը խորհրդանշում էր լոկ տարերքը, որը կարող էր լինել և՛ չարը, և՛ բարին: Այդ է պատճառը, որ հայկական գորգերի մի ամբողջ ենթատեսակ կրում է հենց վիշապագորգ անունը: Վիշապապատկերները միանգամայն բարի ուժերի մարմնացումն են և պաշտպանող և օժանդակող նշանակություն ունեին: Վիշապագորգերի գեղազարդման ավանդույթների ակունքները հայոց գորգարվեստում ու առհասարակ մշակութային համակարգում հայտնի են մթա III-II հազարամյակներից: 

Հայկական գորգ / Վիշապագորգ

Հայկական գորգ / Վիշապագորգ

Վիշապագորգերը սովորաբար ունենում են վիշապների, Կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաեւ եռանկյունաձեւ, ատամնավոր շեղանկյունով և հավերժության նշանով զարդանախշեր: Վիշապագորգերը սովորաբար ներկվել են որդան կարմիրով: Վիշապագորգերը հայերի  համար ուրույն նշանակություն ունեն: Այն հաղթության խորհրդանիշ է: Հայոց ռազմի ու զորության Աստծուն՝ Վահագնին վիշապաքաղ են ասում, այսինքն՝ վիշապին՝ չարին, քաղող, սանձող, հնազանդեցնող: Հայերը հավատում էին, որ եթե տանը վիշապագորգ ունեն, ուրեմն պաշտպանված են չար ուժից, քանզի վիշապին արդեն հնազանդեցրել են, ենթարկեցրել:

Գորգագործություն՝ արհեստ և արվեստ

Ձևավորվելով որոշակի էթնիկական միջավայրում, որոշակի պահանջների բավարարման անհրաժեշտությամբ՝ գորգը հազարամյակների ընթացքում տվյալ էթնիկական միավորի հետ միասին ենթարկվել է բազմազան տեղաշարժերի և փոխազդեցությունների, ստացել գործնական նոր ոլորտներ: Գորգը չի ծառայել, որպես կենցաղային պարզ առարկա, այլ ի սկզբանե ունեցել է ծիսապաշտանմունքային նշանակություն, ու նաև դրանով է պայմանավորված գորգի կարևորությունը հայոց մշակութային ժառանգության համակարգում:

Հայկական գորգ / Կարպետ

Հայկական գորգ / Կարպետ / Լուսանկարը ՝ Մեգերյան Կարպետի արխիվից

Գորգը դարեր շարունակ եղել է ազգային կերպն ու նկարագիրը ներկայացնող մշակութային մի երևույթ, պատմամշակութային բացառիկ արժեք: Կան գորգեր, որոնց նախշերի ետևում մի ամբողջ կյանքի պատմություն և իմաստ է թաքնված: Զարդանախշերի մեջ թաքնված է հիշողություն և շատ հաճախ մարդկանց փոխարեն նախշերն են պատմում: Գորգերին վերագրվել է նաև բուժիչ հատկություն, ոչ միայն այն պատճառով, որ դրանք գործվել են բնական բրդից, իսկ թելերը ներկվել են բնական ներկերով, այլ կարծել են, որ նրանց նախշազարդերի հետևում յուրահատուկ խորհուրդ կա թաքնված: Տան ամենամեծ կամ հիվանդ անդամը միշտ լինում էր տան այն անկյունում, որտեղ գորգ կար կախված: Տարբերվում էին նաև պատից կախվող և հատակին փռվող գորգերը: Հատուկ զարդանախշեր ունեցող գորգերը կախվում էին պատից, իսկ նրանց վրա կախում մահացած հարազատների նկարները, երաժշտական գործիքներ և այլ նվիրական իրեր: Հատակին փռվող գորգերը, թեև ունեին յուրահատուկ զարդանախշեր, բայց դրանք չունեին հատուկ նշանակություն կամ նախնիներին վերաբերվող խորհրդանշաններ:

Հայկական զարթանաշխեր համաչափություն

Թողնել մեկնաբանություն