
ՏԵղեկություններ վայրի խաղողի մասին
Վայրի խաղողը պատկանում է խաղողազգիների (Vitaceae) ընտանիքին։ Վայրի խաղողը մագլցողների թվում ամենա ցրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական կարմրավուն երանգ։ Արագ աճող բույս է, բարձրությունը երբեմն անցնում է 10 մ։ Կառչող բույս է, բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին, սակայն հենարանի կարիք է զգում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ և հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15—20 սմ երկարությամբ։ Ավելի հարմար է այդ գործողությունը կատարել ուղղակի բաց գրունտում, հողին որոշ չափով ավազ խառնելով։ Վայրի խաղողը օգտագործվում է շենքերի ճակատների, պատշգամբների, լոջիաների դեկորատիվ ձևավորման համար։ Օգտագործվում է նաև ճաղապատեր, կամարներ, տաղավարներ, ծածկելու և կենդանի դրասանգներ պատրաստելու Համար։ Երևանի պայմաններում ձմեռում է դրսում, սակայն ուժեղ ցրտերի դեպքում պետք է իջեցնել և ծածկել հողով կամ ծառերից թափված տերևներով։
Աղբյուր- Hayfermer.am
