Շատրվանի շուրջպար

Տարածաշրջանը- Վան-Վասպուրական

Ձեռքերի բռնվածքը-  ճկույթ

«Շատրվանի շուրջպար» պարը նաև հայտնի է Հավուզ Բաշի անունով: «Հավուզ» թուրքերենից թարգմանաբար նշանակում է ջրավազան, «Բաշ» նշանակում է գլուխ: Տեղեկություններ կան, որ աղջիկներն իրար հանդիպելու եւ ժամանակ անցկացնելու համար (երգել, պարել, կատակել, խոսել) և ինչու չէ սիրած տղային հանդիպելու համար, կուժերը վերցնում էին գնում ջրի: Ինչպես նաև ջուրը ունենալով կենսական նշանակություն մարդու համար, կարող է լինել մի երեւույթ, որին նվիրվել է պար: Պարն ունի դանդաղ և արագ մաս։

Պարաքայլերը

  • աջ ոտքը կատարում է քայլ դեպի աջ,
  • ձախ ոտքը կատարում է քայլ դեպի ետ, ձեռքերը ելման դրությունից իջնում են ներքև
  • աջ ոտքը նորից կատարում է քայլ դեպի աջ, ձեռքերը վերադառնալով ելման դրություն տեղափոխվում են աջ
  • ձախ ոտքը կատարում է քայլ առաջ, ձեռքերը վերադառնում են ելման դրություն
  • այս ամենը կատավում է 2 անգամ
  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • 4 անգամ կատարում ենք վեր-վերի, ձեռքերը թևում են

Արագ մասում քայլերը վերածվում են թռիչքների։

Ձայնագրությունը՝ Լաերտ Գրիգորյանի

Շատրվանի շուրջպար

Վեր-վերի

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- Չափավոր հանդարտի դեպքում՝ ճկույթներով, արագի դեպքում՝ ուսերից

«Վեր-վերին» համայնքային պար է, որը պատկանում է երկու գնալ մեկ դառնալ պարաընտանիքին։ ՈՒնի դեպի վեր ձգվելու, բարաձրանալու խորհուրդ։ Կոմիտասի բնութագրմամբ «Վեր-վերին» թռնոցի պար է։

Գրաբարում այս պարաձևը կոչվում էր «Վերնապար», այսինքն՝ «պար դեպի վեր» կամ «վեհամբարձ պար»: Հայկական պարերում թռիչքների և ոստյունների բովանդակությունը եղել է պարողների ձգտումը թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնել բույսերի, թռչունների, կենդանիների, ինչպես նաև սեփական ժառանգության աճի վրա:

Պարը բաղկացած է երկու մասից՝ չափավոր հանդարտ և թռնոցի։

Պարաքայլերը՝

Դանդաղ հատվածի պարային քայլերն են.

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • աջ ոտքը կրկին դրվում է դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը, ապա դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Արագ հատվածի պարային քայլերն են.

  • ձախ ոտքի վրա կատարվում է թռիչք և աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը
  • երկու ոտքով թռիչք է կատարվում դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Պարեղանակ՝

Կոմիտասի շորոր

Տարածաշրջանը- հավանաբար Ապարանի

Ձեռքերի բռնվածքը- ճկույթներով

Ձեռքերի դիրքը-հորիզոնական

Ժանրը— հարսանեկան

«Շորորի» այս տարբերակը գրառվել է Կոմիտասի կողմից։ Կոմիտասը գրառել է 8 պար,որոնցից դեռևս վերծանվել է երկուսը։

Շորորը գրաբարյան սորոր թռչունն է։ «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթի, նույնն են: Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է: Մեր նախնիները հավատում էին, որ մեր հարազատների հոգիները համբարձվում էին և վերածվում թռչունների։ Սորորալ բառի հիմքի վրա առաջացել է այս «Շորոր» պարատեսակը, որի խորհուրդը նախնյաց պաշտամունքն է։

Կոմիտասը ինքը «Շորորը» դասում է էպիկական պարերի շարքին։

Պարաքայլերը

  • Աջ ոտքով երկու քայլ դեպի առաջ
  • Կրկնակի հարված աջ ոտքով՝ ձախի զսպանակումներով
  • Աջ ոտքը ուղիղ անկյան տակ դնել աջի ետևում (միաժամանակ շարժելով մարմինը), ապա ձախը դնել աջի կողքին՝ աջն ուղղելով (տրամաբանորեն ետ գնալով) (կրկնել այս քալը 2 անգամ)
  • Կրկնել 1-ից 3-րդ քալերը
  • Աջ ոտքով քայլ դեպի աջ
  • Ձախը ոտքով խաչաձև անցում աջ ոտքին, ապա խաղացնել ձախ ոտքը
  • Գնալ ձախ՝ աջը խաչելով ձախ ոտքին, ապա խաղացնել աջ ոտքը
  • Կրկնել 5-րդ և 6-րդ քայլերը

    Պարեղանակ

Գյովընդ

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- ճկույթներով

Ձեռքերի դիրքը-հորիզոնական

Ըստ Աճառյանի պարի ծագումնաբանությունը գալիս է պարսկերենից, որը նշանակում է գունդ։ Ըստ Ստեփանոս Մալխասյանի այն նաև նշանակում է համայքնի ամբողջականություն, մեծ և հզոր միավորում, ինչը նաև մեկնաբանելի է պարի մեջ քանի որ պարում ենք շրջանով։ Այն համայնքային պար է, այսինքն պարում են բոլորը՝ չկան սահմանափակումներ։

Տարբեր բարբառներում գյովընդ բառը տարբեր ձև է հանդիպում՝ գյոնդ, կյոնդ և այլն։

Այն պատկանում է երկու գնալ, մեկ դառնալ պարաընտանիքին։

Գոյություն ունի «Գյովընդի» բազմաթիվ տարբերակներ։ Միայն տասնյակ օրինակներ գրի է առել Սրբուհի Լիսիցյանը։

Այս պարաձևերը տարբերակվում են ըստ տեմպի, ըստ խաղացող ազատ ոտքի, ըստ ձեռքերը բռնելու ձևի և այլն:

Պարաքայլերը

  • աջ ոտքը կատարում է քայլ դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ մի փոքր առաջ
  • աջ ոտքը նորից կատարում է քայլ դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է «խաղ»
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Իրականում դեպի ձախ կատարվում է մեկ քայլ, որն էլ ժողովրդի կողմից բնութագրվում է «մեկ դառնալ» տերմինով:

Գլուխը մարմնի համեմատ ոչ մի դարձում չի կատարում, այսինքն պտտվում է այնքան իչքան կորդինացիան է պահանջում։

Ձեռքերը խորհրդանշում են մարմնի տեղաշարժի ուղղությունը։

Պարեղանակ

Փափուռի

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- ուսերից

«Փափուռին» չարխափան պար է, պարվել է չար ուժերին վանելու նպատակով։ Գրաբարում փափառա բառը նշանակում է հարվածել, արկանել, կոտրել, ոչնչացնել և այլն։

Այս պարը ամենատարածված պարատեսակներից է, որը մինչ օրս պահպանվել է կենցաղում՝ հատկապես սասունցիների շրջանում։ Այս պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածները և ըստ ավանդույթի ծափերի միջոցով վախեցնում են չար ուժերին, իսկ հարվածներով հարվածում չարքերին։

Պարը բաղկացած է դանդաղ և արագ մասերից։ Դանդաղ մասը բաղկացած է զսպանակաձև շարժումներով, արագ մասը՝ թռիչքային։

Պարաքայլերը

  • պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքին
  • ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
  • այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ այնուհետև կողք
  • ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ

Պարեղանակ