Գյումրիի մասին
այաստանի մայրաքաղաքից հետո Գյումրին երկրորդ խոշոր քաղաքն է: Քաղաքը և նրա շրջակայքը հարուստ են տարբեր հետաքրքիր տեսարժան վայրերով: Այստեղ կարող եք այցելել պատկերասրահ, տեղական պատմության թանգարան կամ պատմամշակութային արգելոց: Գյումրիում և նրա մոտակայքում տեղակայված են հինգ եկեղեցիներ, հին Մարմաշենի վանքը և Ուղղափառ մատուռը: Քաղաքի կարևոր խորհրդանիշերից մեկն է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Գյումրու մեկ այլ պատկերավոր պատմական տեսարժան վայրերից է Ալեքսանդրապոլի բերդը: Այն կառուցվել է ցարական ժամանակներում և կարևոր ռազմական պաշտպանական դեր է ունեցել։ Գյումրին համարվում է Հայաստանի «արվեստի մայրաքաղաք» և կարևոր մշակութային կենտրոն: Քաղաքը նաև անվանում են «հումորի մայրաքաղաք». այստեղ են ծնվել ականավոր հայ նկարիչներ և կատակերգուներ:

Գյումրին (հին և միջին դարերում՝ Կումայրի, մինչև 1837 թ-ը՝ Գյումրի, 1837–1924 թթ-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924–90 թթ-ին՝ Լենինական) մեծությամբ Հայաստանի Հանրապետության 2-րդ քաղաքն է (Երևանից հետո): Գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1556 մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից 116 կմ է:

Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր: Հայտնաբերված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ Շիրակի տարածքը եղել է Էրիախի երկրի կազմում (մ. թ. ա. IX–VI դարեր):
Գյումրին հնագույն բնակավայր է:

Մինչքրիստոնեական լատինական առածը պնդում է. «Դեպքը տեղի չի ունեցել, եթե այդ մասին տեղյակ չեն Հռոմում»` ահա թե որքան կարևոր է քաղաքը:
Ռոմանո-գերմանական լեզվաընտանիքի շատ ժողովուրդների մոտ «ուրբանիզացիա» տերմինը երկրորդ իմաստով նշանակում է զարգացում: Կարճ ասած, աշխարհի շատ ժողովուրդների ընկալմամբ «Քաղաքն ի սկզբանե է»:
Ես, սակայն, հայկական ու ոչ հայկական հին քաղաքների մասին չէ, որ գրելու եմ: Դա հնագետին ու պատմաբանին վայել գործ է: Ես գրելու եմ իմ ծննդավայր քաղաքի մասին, ուր ապրել եմ մինչև 17 տարեկան դառնալս: Բնակիչների բանավոր խոսքում քաղաքն այդ պահին երեք անուն ուներ: Ոմանք խոսքի մեջ քաղաքին Ալեքպոլ-Ալեքսադրապոլ էին անվանում, ոմանք` Գյումրի, ոմանք` Լեննագան-Լենինական: Ալեքպոլ-Գյումրի տարբերակները սիրում էին օգտագործել քաղաքի հին բնակիչներն ու 1920թ այստեղ տեղափոխված կարսեցիները: Խորհրդային տարիներին Շիրակի դաշտավայրից ու Ջավախքից տեղափոխված բնակիչների համար քաղաքի անունը Լեննագան-Լենինական էր:
