
Ասեղնագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, որ ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծում են պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար), գործվածք և այլ նյութեր զարդարելու արհեստ՝ ասեղի, թելի և մանվածք կիրառությամբ։
Ասեղնագործելիս օգտագործվում են տարբեր թելեր՝ բամբակյա, վուշյա, մետաքսյա, բրդյա (հաճախ գունավոր), ինչպես նաև ուլունքներ, մարգարիտներ, փետուրներ, փայլփլուքներ, թանկագին քարեր, ոսկեթելեր, արծաթաթելեր, դրամներ և այլն։
Ասեղնագործությունը կիրառվում է հագուստը, գլխարկները, ծածկոցները, գուլպաները, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պատկերներ ստեղծելու համար։
Վաղագույն ասեղնագործության հիմնական տեխնիկաներից կամ զարդակարերից են քարգահագործությունը, կողքակարը, շարակարը, հարթակարը և խաչկարը։ Այս տեսակներն այսօր էլ համարվում են ասեղնագործության հիմնական տեխնիկաները։Ասեղնագործությունը գալիս է հին ժամանակներից, երբ մարդիկ ասեղի փոխարեն օգտագործել են բույսերի փշեր և ձկների ոսկորներ, այնուհետև՝ փայտ, փղոսկր, մետաղից պատրաստված ասեղներ։ Պատմական վաղ ժամանակից սկսել են գործել ոսկյա թելերով, ապա բրդյա, ավելի ուշ՝ վուշի և բամբակյա թելերով։ Ասեղնագործությունները բաժանվում են երկու մեծ խմբի՝ կտորի վրա կատարվող և թելքաշ կտրովի ասեղնագործություն։
Հին հայկական ասեղնագործություն
Հին հայկական ասեղնագործության զարգացման բարձր աստիճանի մասին վկայում են մատենագրական տվյալներ (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի և ուրիշներ)։ Հին Հայաստանում այն ավելի տարածված է եղել, քան գորգագործությունը։ Միջին դարերից պահպանվել են ասեղնագործ պատառիկներ (ձեռագիր կազմաստառներ, Անի քաղաքի պեղումներից հայտնաբերված 12-13-րդ դարերի զգեստների, ծածկոցների մնացորդներ և այլն), եկեղեցական ասեղնագործ զարդարանքներ՝ 15-րդ դարից սկսած։
Ասեղնագործությունը տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում՝ կենտրոնանալով Վան-Վասպուրականի, Շիրակ-Կարինի, Սյունիք-Արցախի, Արարատյան երկրի, Կիլիկիայի և հայ մշակույթի երկու խոշոր կենտրոնների՝ Թիֆլիսի և Կոստանդնուպոլսի, ինչպես և գաղթավայրերի դպրոց-օջախներում։ Պահպանելով ազգային միասնական ոճը՝ ամեն մի դպրոց զարգացրել է ասեղնագործության իր ձևերն ու տեսակները։
Հայկական ասեղնագործությունը հիմնականում զարգացել է երեք խոշոր ճյուղերով․
- ժողովրդավարական՝ կապված գեղջկական տարազի և կենցաղի հետ,
- քաղաքային՝ առևտրա-արհեստավորական,
- եկեղեցական։